Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Կիստոզային երիկամներ

Կիստոզային երիկամներ, երիկամային հիպոպլազիա։ Այս հիվանդությունները մեծ մասամբ ուղեկցվում են զարկերակային արյան ճնշման բարձրացումով։ Երիկամների, ինչպես նաև միզուղիների զարգացման արատների հայտնաբերմանն օգնում են որոշակի կլինիկական ախտորոշման հետազոտությունները և ուռոգրաֆիան։ Զարկերակային ճնշումը բարձր է լինում նաև ֆեոքրոմոցիտոմա հիվանդության ժամանակ։ Վերջինս մակերիկամի քրոմատինային հյուսվածքների ուռուցք է, որի ժամանակ չափից ավելի կատեխոլամիններ են արտադրվում (ադրենալին, նորադրենալին): Տվյալ դեպքում հիպերտենզիան կատեխոլամինների չափից ավելի շատ արտադրության հետևանք է։ Բարձրանում է ինչպես սիստոլային, այնպես էլ դիաստոլային ճնշումը։ Հիվանդությանը բնորոշ է արյան զարկերակային ճնշման նոպայաձև արտահայտված բարձրացումը, որն ուղեկցվում է անհանգստությամբ, վախի զգացումով, դողով, սարսուռով, մաշկածածկույթի գունատությամբ, քրտնարտադրությամբ, սրտխառնոցով, փսխումով, երբեմն կարող է բարձրանալ նաև ջերմությունը։ Նկատվում է նաև արտահայտված պուլսացող բնույթի գլխացավ, հիվանդը կորցնում է զանգվածը։ Եթե ուռուցքը հնարավոր է շոշափել, ապա շոշափումը առաջացնում է ադրենալինային ռեակցիա՝ հիպերտենեզիան մեծանում է, սկսվում է շաքարամիզություն։ Հիվանդությունը ախտորոշելու նպատակով կատարվում է ռետրոպնևմոպերիտոնեում։ Որոշվում է կատեխոլամինների պարունակությունը և նրանց ածանցյալների արտազատումը մեզով, կատարվում է դեղաբանական փորձ՝ հիստամինով կամ տրոպաֆենով։

 

Երեխաների մոտ զարկերակային ճնշման, հատկապես դիաստոլային ճնշման բարձրացումը նկատվում է նաև առաջնային ալդոստերոնիզմի (Կոնի հիվանդություն) ժամանակ։ Սա հազվադեպ հիվանդություն է, կապված է մակերիկամի կեղևային մասի հորմոն արտադրող ուռուցքի հետ, որի դեպքում ավելանում է ալդոստերոնի արտադրությունը։ Ալդոստերոնի գերարտադրությունն օրգանիզմում առաջացնում է ջրաէլեկտրոլիտային հավասարակշռության խախտում՝ հիպոկալեմիկ ալկալոզի և նատրիումի քանակի ավելացումով։ Կայուն հի-պերտենզիայի ֆոնի վրա հիվանդների մոտ նկատվում են նոպաներ, որոնք հիշեցնում են ֆեոքրոմոցիտոմա հիվանդությունը։ Սակայն, ի տարբերություն վերջինիս, այն հաճախ ուղեկցվում է բրադիկարդիայով։ Հիպերտենզիայի հետ կապված փոփոխություններ են առաջանում նաև աչքի հատակում, որոնք երեխաների մոտ հատկապես արագ են զարգանում և հանգեցնում տեսողության խանգարման, ընդհուպ մինչև կուրացման։

 

Զարկերակային հիպերտենզիա է նկատվում նաև վեգետատիվ-անոթային դիստոնիաների հիպերտենզիվ ձևի ժամանակ` բարձրանում է երեխաների գրգռվածությունը, նրանք շուտ են հոգնում, ունենում են քրտնարտադրություն։

 

Սրտանոթային համակարգի հիվանդություններից, որոնք առաջանում են զարկերակային ճնշման բարձրացման հետևանքով, կարելի է նշել աորտայի նեղացումը (կոարկտացիա)։ Եթե աորտայի նեղացումն արտահայտված է, ապա հիվանդության նշանները կարող են ի հայտ գալ ծնվելուց անմիջապես հետո կամ կյանքի առաջին ամիսներին՝ կապտուկ, շնչահեղձություն, ստորին վերջույթների այտուց և սրտի սահմանների մեծացում։ Հիվանդության  ախտանիշները հաճախ հայտնվում են դպրոցական տարիքի երեխաների մոտ, որոնք գանգատվում են գլխացավերից, սրտխփոցից, քթային արյունահոսությունից։ Սրտի սահմանները լայնացած են դեպի ձախ, երկրորդ միջկողային տարածությունում լսվում է սիստոլային աղմուկ, որը տարածվում է դեպի սրտի գագաթը, պարանոցի անոթները և միջթիակային տարածությունը։ Կարևոր  ախտանիշ է նաև վերին և ստորին վերջույթներում զարկերակային ճնշման մեծության տարբերությունը, որը վերին վերջույթում լինում է բարձր, իսկ ստորինում՝ ցածր, կամ երբեմն չի որոշվում։ Բարձր տարիքի երեխաների կրծքավանդակի վրա կողմնաճյուղային անոթներ են առաջանում։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ